ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչպես են չինովնիկները գողեր բազմացնում

Ինչպես են չինովնիկները գողեր բազմացնում
15.01.2014 | 17:32

Ժողովրդական ասացվածքը փաստում է, որ «ձվի գողը վաղ թե ուշ ձի էլ կգողանա», սակայն մինչև ձիուն հասնելը ուրիշ ի՞նչ կգողանա, միայն սատանային է հայտնի. օրինակ` ձուկ. այն ևս «ձ» տառով է սկսվում: Քանի որ առաջին երկուսի մասին շատ է խոսվել ու գրվել, ես կանդրադառնամ ձկանը, մանավանդ որ այն իմ սիրած ուտեստն է։

Ղարաբաղյան շարժումից առաջ ծնվածները հավանաբար կհիշեն անկախության առաջին ցուրտ, մութ ու սոված տարիները, երբ հացի համար մարդիկ գիշերներով հերթ էին կանգնում, և եթե հացը վերջանում էր, դրա փոխարեն խմոր էին տալիս, որպեսզի դեսից-դենից հայթայթած ցախով թիթեղյա վառարանների վրա բոքոններ թխեն, ուտեն: Եվ ահա, համատարած սովի սպառնալիքի, հուսալքության պահին որտեղից որտեղ մեր հավատավոր ժողովրդին Աստված իր օգնության ձեռքը մեկնեց ոչ թե երկնային մանանայի տեսքով, այլ Սևանից ձուկ ուղարկելով: Այդ չափի սիգ կյանքում չէի տեսել. փարթամ ու թարմ, վաճառվում էր ողջ Հայաստանով մեկ, ամենուրեք, առատորեն՝ 1 հատը 10-12 դրամ արժեքով (դրամը նոր էր շրջանառության մեջ դրվել): Այդ ձկները չէին վերջանում, մոտ 2-3 տարի ժողովուրդը դրանց հաշվին փրկվեց սովամահությունից ու գոյատևեց:
Մեկ հատ ձուկը բաժանում էինք վեց մասի, մի քանի կարտոֆիլի հետ եփում, ու ողջ ընտանիքը՝ 4 դեռահասներով, կշտանում էր: Այդ դժնդակ տարիներից անցել է 20-22 տարի, հիմա էլ Երևանի փողոցներում՝ պատերի տակ, խանութների մոտակայքում սիգ են վաճառում, բայց տառեխի մեծության և շատ լղարիկ: Նախորդ տարվա նոյեմբերի երկրորդ կեսին տարակուսանքս հայտնեցի տիկնոջս, թե ո՞ւր կորան, ի՞նչ եղան այն սիգ ձկները: Հաջորդ օրը տեսնեմ տիկինս ձուկ էր մաքրում՝ 3 հատ, յուրաքանչյուրը 1700 դրամ արժողությամբ, այսինքն՝ 140-170 անգամ ավելի թանկ, քան սովի տարիներին: Մտածեցի ու չհասկացա` յոթ հարյուր անգամ ձո՞ւկն է թանկացել, թե՞ դրամն է արժեզրկվել: Թողնենք այս չափազանց բարդ մաթեմատիկան և անցնենք մեր թեմային: Մի խոսքով, ձկները եփեցինք ճիշտ այնպես, ինչպես սովի տարիներին, բայց ձկան պատառները կուլ չէին գնում, մերոնք էլ նկատեցին, որ ախորժակով չեմ ուտում: Մտածեցի` գուցե հա՞մը տեղը չէ, գուցե այլևս քաղցա՞ծ չէի, ինչպես սովի տարիներին, ու հանկարծ աչքերիս առջև, դանդաղ, կինոժապավենի պես անցան բազմաթիվ անգամ հեռուստատեսային տարբեր ալիքներով հեռարձակվող ու կրկնվող այն միևնույն տեսարանները, երբ ավտոցիստեռնից Սևանա լիճ էին բաց թողնում մանրաձկներ: Չգիտեմ դրանք շատ էին, թե քիչ, գուցե մի քանի հարյուր կամ հազար հատ, չեմ կարող ասել, բայց այդ գործողության մասնակիցների մեջ զգացվում էր մի տեսակ ափսոսանք. նրանք պնդում էին, որ մի քանի միլիոն մանրաձուկ-շերեփուկ են բաց թողնում:
Աստված իրենց հետ, լավից-վատից, թեկուզ ափսոսալով, նրանք գործը կատարում էին, բայց ես այսօրվա պես հիշում եմ այն տարիներին մեր կերած ձկների փորոտիքից դուրս բերված մոտ կես կիլոգրամ ձկնկիթը: Մտածեցի` եթե դրանք բնական ճանապարհով մանրաձկան վերածվեին, ապա քանի՜ նման ավտոցիստեռնի կարիք չէր զգացվի: Բայց արի ու տես, որ ձկնորսները (ավելի ճիշտ` ձկնագողերը) թույլ չեն տալիս: Դեկտեմբեր ամսին` հեռուստաբանավեճի ընթացքում լրագրողը հարց ուղղեց ներկայացած բնապահպանին, թե ինչո՞ւ չի պահպանվում ձկնորսության արգելքի միամսյակը: Մի՞թե չի կարելի ձվադրման ժամանակահատվածում արգելել ձկան որսը:
Բնապահպան ընկերը (անուն, ազգանունը չեմ հիշում) տարավ-բերեց ու ասաց` մենք կարող ենք արգելել, կարող ենք նույնիսկ պատժել վերջիններիս, բայց այդ դեպքում նրանք կարտագաղթեն Հայաստանից, ու բոլորը համաձայնեցին և լռեցին։ Կարծես այդպես էլ պետք է լինի, այլ ելք չկա: Մինչդեռ ձկնագողության շանտաժի ձևով արդարացումը, ըստ իս, շատ անհասկանալի, տարօրինակ, պարադոքսալ պատճառաբանությունը զարմանք ու զայրույթ առաջացրեց իմ մեջ: Ինչպիսի մեծ հաճույքով, դաստիարակման նկատառումներից ելնելով, հայրական մի ապտակ կհասցնեի ձկնորսին՝ օրենքն արհամարհելու, ձվադրման ժամանակ արգելված որսի համար, իսկ բնապահպան չինովնիկին` իր պարտականությունները չկատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, գողին հովանավորելու ու արդարացնելու համար գուցե երկու ապտակ հասներ՝ հանուն արդարության: Տպավորությունն այնպիսին է, որ գողոնը միասին են ուտում՝ մտածեցի:
Աստված, 6 օրում ստեղծելով աշխարհը, 7-րդ օրը հանգստացավ: Բոլոր նորմալ երկրներում ընդունված է տարվա 11 ամիսն աշխատելուց հետո 1 ամիս հանգստանալ, որ «նալերը չտնկեն»: Պատկերացրեք, ես ձկնորսությամբ երբեք չեմ զբաղվել, ինչպես բնությունը սիրող բոլոր մարդիկ, ես նույնպես գիտեմ, որ ձկները լճից գետերով շտապում են հոսանքն ի վեր դեպի սնուցող ակունքը, որպեսզի այնտեղ, մաքուր ջրերում ձվադրեն. բնությունն է այդպիսին: Ձկնագողերը, այդ բանը քաջ իմանալով, չեն կարող չգայթակղվել: Այդ ժամանակահատվածում ձուկը «պաչկաներով» (վտառով) հոսում է և ընկնում ցանցը: Առանց քրտնելու, առանց թրջվելու այնքան ձուկ կորսան, որ լիուլի կբավարարի ոչ թե մեկ արգելված, այլ մի քանի ամսի համար՝ դատելով ձկան գներից ու քանակից: Եթե ցանցը փակում է գետի հունն ամբողջովին, վերից-վար՝ մինչև հատակը, ապա ոչ մի ձուկ չի ազատվի, և դա Սևանում շատ հեշտ է (մեր գետերը Վոլգա չեն, այլ սովորական սակավաջուր առվակ ընդամենը): Եթե ձկնագողն ագահ է ու վաղվա օրվա (հաջորդ տարիների) մասին չի մտածում (երևի գլխուղեղը չորացած է), ապա նա ցանցը կքաշի դեպի լիճը, այդ դեպքում ցանցի մեջ կհայտնվեն ձվադրման գնացող ձկները, իսկ եթե մի քիչ «ֆահմ» ունենա, ցանցը կբարձրացնի գետի հոսանքն ի վեր, այդ ժամանակ ցանցում կհայտնվեն ձվադրումից դեպի լիճը վերադարձող ձկները: Ճիշտ է, մի քիչ պակաս կբռնվեն, որովհետև ոչ բոլոր ձկներին է հաջողվում վերադառնալ (կորուստները ճանապարհին անխուսափելի են), ամեն դեպքում, երկրորդ ձևով որս կատարողին պատիժ սահմանելիս պետք է մեղմ մոտենալ, որպես արգելված որս կատարողի, մինչդեռ առաջին եղանակի դեպքում՝ որպես իսկական անուղղելի որսագողի: Կարող են նաև լինել այնպիսիք, որ երկու ցանց գցեն ու միաժամանակ որսան ինչպես ձվադրման շտապող, այնպես էլ վերադարձող ձկներին, այդպիսի գազանաբարո ձկնագողերի հանդեպ պատիժը պետք է լինի անողոք, քանի որ նրանք փաստորեն «կտրում են ձկան քոքը», իսպառ վերացնելով Սևանի ձուկը. այստեղ արդեն բնապահպանների տասնյակ ցիստեռններով մանրաձուկն էլ չի օգնի:
Նման ձկնորսների արտագաղթը մեզ չպետք է մտահոգի, մենք պետք է ուրախանանք, գնանք եկեղեցի, մոմ վառենք, որ մեր սուրբ հայրենիքից մի քանի գող ևս պակասեց։ Անձամբ ես չեմ ափսոսա, եթե նա իր հետ ընտանիքն էլ տանի, որովհետև «խնձորը ծառից հեռու չի ընկնում»: Նկատի ունենալով այս ասացվածքը, ակամայից հիշեցի ինձ հետ պատահածը, երբ միանգամից երեք որդիներիս միաժամանակ բանակ զորակոչեցին, ճիշտ է, տունս դատարկվեց, բայց ներքուստ ուրախ էի, որ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը լիուլի կատարել եմ: Բայց սա դեռ բոլորը չէ, ի՞նչ եղավ ինձ հետ, երբ նոր տարվա գիշերը զորամասից զանգ եկավ, և հրամանատարը շնորհավորեց ինձ՝ իր զինվորների հորը, շնորհակալություն հայտնելով լավ զինվոր դաստիարակելու համար։ ՈՒղիղ մեկ տարի քաղաքի փողոցներով քայլում էի այնպես, կարծես ես լինեի Երևանի տերն ու տիրակալը: Եվ ահա չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է այդ ձկնագողի զավակը ծառայելու իմ որդիների հետ: Նա որ տեսնի այդտեղ ձուկ-մուկ չկա, կսկսի յուրացնել սրա-նրա ատամի մածուկը, հետո կանցնի «մայկա-տրուսիկի», այնուհետև բջջային հեռախոսի և վերջում փամփուշտների ու ինքնաձիգների: Իսկ իմ որդիները նման «քյալլագյոզություն» չեն հանդուրժի՝ տանել չեն կարող. դաստիարակման խնդիր կա, որ պետք է իրականացվի տանը և մանկապարտեզ-դպրոցում, իսկ բանակում ուշ կլինի, Աստված հեռու պահի իմ բալիկներին նման զինընկերներից:
Եթե դաստիարակության գործում, այնուամենայնիվ, բացթողումներ եղել են, ապա, կարծում եմ, այս դեպքում դեռ ամեն ինչ կորած չէ: Կարելի է որոշ կանխարգելիչ քայլեր կատարել, և դա պետք է անի պետությունը, ավելի ճիշտ, պետռեգիստրը, եթե անհատ ձեռներեցությամբ զբաղվողներին արտոնագիր տրամադրում է 1 տարի ժամկետով, ապա ձկնորսների արտոնագրում պետք է 12 ամսվա փոխարեն նշվեն միայն թույլատրելի 11 ամիսները: Ճիշտ է, նա մեկ ամսվա հարկ պակաս կմուծի պետությանը, բայց որքա՜ն կշահի մեր Սևանը: Իսկ Սևանը, բոլորս գիտենք, մեր ազգային անձեռնմխելի պահեստ-շտեմարանն է, բայց արի ու տես, որ այսօրվա համատարած անտերության ու ամենաթողության պայմաններում ոմանք ձեռք են բարձրացնում մեր «H3»-ի վրա: Բացի այդ, բացակայող 1 ամսում հսկողությունը կսաստկանա, բնապահպանների ու ոստիկանների հետ գործի կանցնեն նաև ՊԵԿ հսկիչները, իսկ նրանց արդեն մի քանի հարյուր ձկով չես գոհացնի. չափանիշները բոլորովին այլ են։


Վիուլ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 29235

Մեկնաբանություններ